Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:
Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:
Այնուհետև կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաև մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային և մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաև ներդրումների ներգրավման համար: