Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:«
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին' խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով' այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին' խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ: Ըստ Արա Բաբլոյանի' այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են, օրինակ, խնդիրներիվաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:
Տանյա Ռադոչան կարևորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի' Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: