ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին և քննարկել Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունների, տարբեր ատյանների դատարանների լիազորությունների, դատավորների մասնագիտացման, դատարանների ծանրաբեռնվածության, ՀՀ վճռաբեկ դ ատարանի նախադեպային իրավունքի, ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և առաքելության, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր:

 

Ողջունելով դեսպան Ավակովին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը կարևորել է այն լայնածավալ աշխատանքը, որն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև սերտ փոխգործակցության արդյունքում: Այս համատեքստում Արման Մկրտումյանն ընդգծել է հատկապես ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուների և գիտագործնական մեկնաբանությունների հրատարակումը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղան-քննարկումները:

 

Արգո Ավակովը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացել ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը:

 

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: