ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ ԳՄ մամլո դիվանից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկել ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտներին առնչվող հարցեր:
ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:
ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը: