ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լաուրա Բեյլիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը շնորհավորել է տիկին Բեյլիին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ, և հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում:
Գևորգյանի խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր գործընկերներից է, որի հետ տարիների ընթացքում կառուցողական և արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել և որի աջակցությամբ ծրագրեր են իրականացվել գրեթե բոլոր ուղղություններով: «Տարիների ընթացքում այդ ծրագրերի բովանդակությունը փոխվում է, եւ ներկայումս բոլոր ծրագրերն ուղղված են առաջին հերթին Հայաստանի տնտեսության, հանրային հատվածի զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծել է փոխվարչապետը:
Նա նկատել է, որ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ ավելացել է հանրային հետաքրքրությունն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ ծրագրերն իրականացնողների ու շահառուների պատասխանատվությունը: Փոխվարչապետը նաեւ ընդգծել է, որ կառավարությունը կարեւորում է բոլոր այդ ծրագրերի՝ հանրային հատվածի ներգրավմամբ իրականացումը:
Լաուրա Բեյլիին իր հերթին նշել է, որ ուրախ է ստանձնել երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը՝ հաշվի առնելով ձեւավորված փոխգործակցության մակարդակը: «Որպես ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար՝ իմ նպատակն է լինելու ՀԲ խմբի լավագույն փորձը Հայաստան բերելը, ինչպես նաեւ ձեւավորված փոխգործակցության շարունակումն ու ընդլայնումը»,- ասել է տիկին Բեյլին:
Կողմերն այնուհետեւ քննարկել են ՀԲ աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ եւ ապագա ծրագրերի հետ կապված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել տեղական տնտեսությունների եւ զբոսաշրջության զարգացման, առողջապահական հաստատությունների արդիականացման եւ համայնքներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին: Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել նաեւ առաջիկայում ձեւավորվելիք Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը: