ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շարունակվելու է ֆինանսների նախարարության բարեփոխումների օրակարգի իրականացումը, ինչպես նաև այն, որ Կառավարության' քննարկման փուլում գտնվող ծրագիրը կսահմանի առաջնահերթություններ, որոնք վստահաբար հիմնված կլինեն հավասարակշռված որոշումների վրա ու կորոշակիացնեն անելիքները բոլոր ոլորտներում: