Էջմիածնի Մայր Տաճարում մայիսի 11-ին մատուցվեց հոգեհանգստյան կարգ' ի հիշատակ Նեմեսիսյան հերոսների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' կիրակնօրյա Սուրբ պատարագի ավարտին' «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական միության անդամների և հավատավոր այլ անձանց ներկայությամբ մատուցվեց հոգեհանստյան կարգ: Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ մեր խնդրանք է առ Աստված, որ իր սուրբերի կարգին դասի և իր սուրբ պսակին արժանացնի նեմեսիսյան հերոսներին:
«Սրբագործված անուններն են' Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Սողոմոն Թեհլերյան,Արտաշես Գևորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Միսաք Թորլաքյան, Հրաչ Փափազյան, Արմեն Գարո, Շահան Նաթալի, ովքեր որպես հայրենիք սիրող անձիք մեր ժողովրդի կյանքը, պատիվը վերադարձնելու ձգտումով իրենց ձեռքերով այս երկրի վրայից հեռացրեցին այնպիսի մարդկանց, ովքեր կազմակերպել ու իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը: Նրանք պետք է լինեն մեր մտքի, սրտի և հոգու մեջ:
Այսօր խորհրդանշական օր է, մեր եկեղեցին Սուրբ Հարության 40-օ րյա ճախրանքի մեջ տոնում է «Կարմիր կիրակին», որը տառապանքի ու պախարակման միջով արյունով սրբված հաղթանակի խորհուրդն ունի»,-ասաց Սրբազան Հայրը' նշելով, որ մեր պարտքն է ևս մեկ անգամ հիշել ու աղոթել նրանց հոգու խաղաղության համար: «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ, ««Նեմեսիսը» գործողության մեջ» գրքի հեղինակ Ռոմիկ Հովնանյանը նշեց, որ սա հատկապես ուղղված է երիտասարդներին, որ նրանք չմոռանան այն հերոսներին, ովքեր ամեն ինչ արեցին պաշտպանելու հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը: «Այս մարդիկ ինչ կարողացան, արեցին. փառք ու պատիվ նրանց: Ես այսօր իմ աղոթքը հղեցի առ Աստված, որ նեմեսիսյան հերոսների անունը միշտ վառ մնա, ու սերնդեսերունդ հիշվի այս օրը»,-ասաց Ռոմիկ Հովնանյանը:
«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրքերի (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին: Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.):