Ոստիկանության Մարաշի բաժանմունքում մայիսի 7-ին' ժամը 23.30-ին, 1955թ. ծնված Գրիգոր Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից' 1964թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և այլևս նրանից ոչ մի տեղեկություն չունի: Մայիսի 10-ին' ժամը 23. 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին' իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով: Կատարված զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ' փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ' լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ' լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ' առանց պայթուցիչների:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից' սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի մոտակայքում հայտնաբերել է Վ. Գրիգորյանի դին: Արտաքին զննությամբ' դիակի կրծքավանդակի և թիկունքի մասերում հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: