Սյունիքի մարզի 5 համայնքում հունիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումների ժամկետն ավարտվել է: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու, որոնցից 2-ը ՀՀԿ-ական են, մյուս 2-ը՝ անկուսակցական:
Գորիսի համայնքի ղեկավարի համար ՀՀԿ-ն առաջադրել է «ՀՋԿ» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ ԱդունցՎաչագանի թեկնածությունը: Ինքնառաջադրվել են «Վարարակն» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, «ԳՈՐԻՍԻ ԳԱՄՄԱ» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը և «ՇԱՆԻ» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Հրայր Յոլյանը:
Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, Բուդաղյան եղբայրներից մեկն էլ' Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը, սակայն գործը կարճվել է: