ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր' մայիսի 13-ին, ելույթ է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։ Արմեն Մուրադյանը, մասնավորապես, նշել է.
«Հայ-Ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում կցանկանայի կրկին ընդգծել ֆրանսիական գործարար ու մասնագիտական միջավայրի համար Հայաստանի առողջապահական համակարգում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղությունները: Դրանք են' բժշկական ապահովագրություն, դեղերի և պատվաստանյութերի արտադրություն, բժշկական ախտորոշում և լաբորատոր գործ, բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային առողջապահություն, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման ծրագրեր և այլն: Այս օրերին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան աշխատում է ՅՈՒՄԱՖ (UMAF) կազմակերպության հետ' նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրեր»: