Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում մայիսի 10-ին ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրաջանակներում դեռևս չկան ձերբակալվածներ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը' գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:
Դեպքի հաջորդ օրը վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր: Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման, զորամասի հրամանատարների և բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության' մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ, հանձնարարել պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկությունները և անել հնարավորը' ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: