20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

 

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:

 

23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

 

Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: