Մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: