Պարտադիր աուդիտի եզրակացությունը չի ծառայում իր նպատակներին և լրացուցիչ ֆինանսական բեռ է կազմակերպությունների համար: Այս մասին Ազգային ժողովում «Հաշվապահական հաշվառման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հարակից զեկուցող Վարդան Այվազյանը: «Ես ասում եմ, որ ժամանակին մենք սխալվել ենք այս պարտադիր աուդիտի մասին օրենքն ընդունելով, իսկ հիմա առաջարկում ենք խոշոր կազմակերպությունների համար վերացնել այդ դրույթը, քանի որ այն իր նպատակին չի ծառայում և լրացուցիչ ֆինանսական բեռ է հանդիսանում տնտեսվարողների վրա»,-ասաց նա:

 

Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ օրենքը դեռևս քննարկվում է առաջին ընթերցմամբ: «Եկեք հիմա ընդունենք այս նախագիծը, իսկ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ կհրավիրենք մասնագետների, բոլոր աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին, կքննարկենք և կհասկանանք, թե ինչ խնդիրներ կան նախագծում և կիրականացնենք համապատասխան փոփոխություններ»,- ասաց Այվազյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնեկ պարտադիր աուդիտը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակացության հետ, սակայն նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը խոշոր կազմակերպությունների համար: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից: