«Երկրում առկա խնդիրները լուծելու մեխանիզմը կոնսոլիդացիան է, նոր ծրագրերը, սառը գլխով մտածելն ու հստակ քայլերի հաջորդականություն գծելը։ Պետք է վերացնել նախկին, ներկա, ապագա բաժանումը։ Ես չգիտեմ՝ ով է նախկինը և ով չէ։ Նախկին իշխանությունների մեղքը որն է, կան բացթողումներ և ամեն մեկն իր արած գործողությունների համար է պատասխանատու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանությունների կողմից նախկին իշխանություններին մեղադրելու հանգամանքին։
Հիշեցրինք, որ անդրադառնալով Արցախյան հարցին՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ծանր ժառանգություն է նախկիններից ստացած։ Ավելին, նա բաց տեքստով հայտարարել է, որ այն փաստաթուղթը, որ 14 տարի դրված է սեղանին և հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անվամբ, հայաստանյան կողմի համար անընդունելի է։ Նկատենք, որ որպես մեղավոր, Փաշինյանը կրկին մատնանշում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք ծանր ժառանգություն են թողել իրեն։ Դիտարկմանը, թե այս իշխանությունները փորձում են արդարացում գտնել, թե Արցախի հողերի հանձնումը նախկինների պայմանավորվածությունների արդյունքն է, Այվազյանը նշեց․ «Նախկինները հո՞ղ են հանձնել, որ մեղադրում են նախկիններին։ Թող չհամաձայնվեին այդ պայմանավորվածություններին։ Դա իրենց անկարողության հերթական դրսևորումն է։ Նախկինները ի՞նչ են պայմանավորվել, որ գրավված տարածքներին որոշակի կարգավիճակ տա՞ն, թող նույն ձևով չաներ, թող ինքն իր ձևով աներ՝ չտանելով երկիրը կոլապսի և չխլեր հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասաց նախկին պատգամավորը։
Խոսելով 17 կուսակցությունների հայտարարության և նրանց կողմից կազմակերպված հավաքների մասին, որի հիմնական պահանջը Փաշինյանի հրաժարականն է, նախկին պատգամավորն ասաց․ «Ես չեմ գտնում, թե 17 կուսակցություններից որևէ մեկը իշխանության գալու հավակնություններ ունի։ Ի վերջո ժողովուրդն է որոշելու։ Այս դեպքում կարող ուժերի, պրոֆեսիոնալների համախմբում է պետք, ամենակարևորը պետք է կանգ առնել, նախկին ներկա, պոզավոր-անպոզ, կապույտ-սև, բոյով-կարճ չանել։ Թե չէ ասում են՝ սրանից հետո Արցախում այնպիսի պայման ենք ստեղծելու, որ Երևանից թողնեն, գնան, ի՞նչ է, այդ 5000 հոգին էին մեղավոր, որոնց կյանքի գնով պետք է հասնեին դրան։ Ասում են՝ նախկինները ատելություն են սփռում, դա շատ պատասխանատու և վտանգավոր հայտարարություն է, ոչ ոք էլ ատելություն չի սփռում։ Ոչ թե իրար վրա ֆեյսբուքով թույն թափեն, այլ կոնկրետացնեն քայլերի հաջորդականությունը երկիրը ստեղծված իրավիճակից դուրս հանելու համար։ Համենայնդեպս, պարտությունը չպետք է դարձնել երկրի համար ճակատագիր»,- նշեց Այվազյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանին, վարչապետին փոխարինելու թեկնածուներին մասին, ապա Այվազյանը կարծում է՝ շատ մարդիկ կան, որոնց ինքը տեսնում է վարչապետի պաշտոնում։