Հայ Առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման գործընթացն իր վերջնական փուլին է հասել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Սրբադասման գործընթացի համար ստեղծված հանձնախումբը շատ խորությամբ, մանրակրկիտ ու բազմակողմանի պատրաստություններ է տեսել այդ ուղղությամբ: Հիմա հասել ենք վերջնական փուլին, երբ պատրաստվում են սրբապատկերները, առաջարկ է եղել շարականի կանոնի գրության, մասնատուփերի ստեղծման: Առաջիկայում միացյալ հանձնախմբով ժողով ունենք, և առաջիկայում այդ գործընթացն ավելի որոշակի կդառնա: Նպատակն է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին արդեն կարողանանք սրբերի հռչակումը կատարել ու մեր մեծ նահատակների համար ոչ թե հոգեհանգիստ կատարենք, այլ դիմենք բարեխոսության»,-ասաց Սրբազանը:
2006թ. ստեղծվել է սրբադասման հանձնաժողովը, որը աշխատանքներ է կատարել և մի շարք առաջարկություններ փաթեթի ձևով ներկայացվել են վերջին Եպիսկոպոսաց ժողովին: Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունեցել 2013 թ. սեպտեմբերի 24-27-ը Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: Ժողովի ժամանակ քննարկվել են հարցեր, թե ինչպե՞ս պետք է կատարվի սրբադասումը, ինչպիսի՞ կեցվածք է լինելու ապրիլի 24-ի նկատմամբ, ա՞յլ օր է սահմանվելու է, թե ապրիլի 24-ին է լինելու հիշատակում, լինելու է խմբակայի՞ն սրբադասում, թե անհատների սրբադասում:
Հայ եկեղեցում սրբադասում չի արվել 15-րդ դարից հետո։ Վերջին սրբադասված հայազգի սրբերն են Հովհան Որոտնեցին և սուրբ Գրիգոր Տաթևացին: