Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող ազատ և հունահռոմեական ոճերի Հայաստանի երիտասարդական հավաքականները օրերս ուժերը փորձակեցին Թեհրանում ավանադաբար անցկացվող հեղինակավոր երիտասարդական միջազգային մրցաշարում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 8 քաշային կարգերում մրցանակները խաղարկեցին 7 երկրի 84 երիտասարդ ըմբիշներ: Այստեղ խաղարկված 32 պարգևներից 17-ը՝ 2 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե, բաժին հասավ տանտերերին, որոնք էլ վաստակած 189 միավորով թիմային պայքարում ի վերջո լավագույնը ճանաչվեցին: Իրենց լավագույն կողմերով դրսևորած Հայաստանի պատվիրակներին հաջողվեց 6 մեդալ՝ 1 ոսկե, 5 բրոնզե նվաճել ու միավորների հաշվարկով 10 միավորով առաջ անցնել 3 ոսկե ու 1 բրոնզե պարգևի արժանացած Ռուսաստանի հավաքականից ու 73 միավորով զբաղեցնել պատվաբեր 2-րդ տեղը: 66 կգ քաշային կարգի եզրափակիչում առավելության հասնելով իրանցի Սաման Նաջմեշոհելիի նկատմամբ՝ մրցաշարի հաղթող դարձավ Հրանտ Քալաշյանն, ով ի դեպ նաև ստուգատեսի լավագույն տեխնիկա ցուցադրած ըմբիշի համար սահմանված հատուկ մրցանակին արժանացավ: Իսկ ահա Սլավիկ Գալստյանը (50 կգ), Գևորգ Ղարիբյանը ու Տարոն Դումոյանը (երկուսն էլ 60 կգ), ինչպես նաև Արմեն Հակոբյանն ու Սարգիս Քոչարյանը (երկուսն էլ 74 կգ) արժանացան բրոնզե պարգևների:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 7 երկրի 91 ըմբիշ էր մասնակցում: Այստեղ տանտերերը մրցակցությունից դուրս էին և կարողացան նվաճել 8 քաշային կարգերում խաղարկված 32 մեդալներից 25-ը՝ 8 ոսկե, 5 արծաթե, 12 բրոնզե: Իրանցիները բոլոր 8 քաշային կարգերում էլ արժանացան ոսկե մեդալների: Թիմային պայքարում բացահայտ առավելությամբ՝ 309 միավորով հաղթող ճանաչվեց Իրանի ընտրանին: Հայաստանի երիտասարդական ընտրանին, որ կարողացավ 3 մեդալ նվաճել 42 միավորով թիմային պայքարում ճանաչվեց 2-րդը, իրենից հետ թողնելով իր ակտիվում 37 միավոր գրանցած Ռուսաստանի հավաքականին: 50 կգ քաշային կարգի եզրափակիչում զիջելով տանտերերից Մոլազադեհջանշիին՝ արծաթե մեդալակիր դարձավ Ռազմիկ Միսակյանը: Նման պարգևի արժանացավ նաև 55 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, ով եզրափակիչում տանուլ տվեց Իրանի մեկ այլ ներկայացուցչի՝ Յաղոբիզելետիին: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մնացականյանն էլ բավարավեց բրոնզե մեդալով: