ՆԱՏՕ-ն դեռևս չի լուծել սեպտեմբերի գագաթնաժողովում Վրաստանին՝ դաշինքին անդամակցության գործողությունների պլան տրամադրելու հարցը: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Ռասմուսենը ելույթ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ Սլովակիայում ընթացող գագաթնաժողովում, որը հեռարձակվում է կազմակերպիչների ինտերնետ-կայքում:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք կքննարկենք բաց դռների քաղաքականությունը, բայց առայժմ չափազանց վաղ է խոսել, թե ինչ ձևով: Ես կարծում եմ, որ Վրաստանը բարեփոխումների առումով զգալի առաջընթաց է արձանագրել, անցկացրել է օրինակելի ընտրություններ, օժանդակել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությանը և նպաստել փոխգործակցության ամրապնդմանը: Այդ առաջընթացը պետք է նշվի գագաթնաժողովում: Բայց դեռևս փոքր-ինչ վաղ է խոսել, թե հատկապես ինչպես»,-ասել է Ռասմուսենը՝ պատասխանելով այն հարցին, թե Վրաստանը կարող է արդյոք սեպտեմբերի գագաթնաժողովում ակնկալել դաշինքին անդամակցելու գործողությունների պլանը:
Անցյալ տարի Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը 2015 թվականին կկարողանա միանալ դաշինքի արագ հակազդման ուժերին: Հունվարին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործողությունների պլանն ստանալ դաշինքի՝ 2014 թվականի սեպտեմբերյան գագաթնաժողովում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի ուշ հայտարարել է, որ այս փուլում ՆԱՏՕ-ն չի ծրագրում ընդլայնվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: