Միացյալ Նահանգները շարունակում է ներդնել իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Այս նպատակով նա կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին մոտ ժամանակներս հանդիպել և վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

 

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման մասին ադրբեջանական News.az լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ստատուս քվոն անկայուն է և աստիճանաբար ավելի վտանգավոր, և ամենավատ արդյունքը կլինի վերականգնված հակամարտությունը: Իմ կոչն է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին շուտով նորից հանդիպել, և մենք կրկին կսկսենք խաղաղության բանակցությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կնքմանը»,-ասել է ԱՄՆ համանախագահը:

 

Նա հերթական անգամ առաջ է քաշել միտքն այն մասին, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հիմնախնդրում ճանաչում է միայն երկու սուվերեն պետություն' Հայաստանն ու Ադրբեջանը: Այդուհանդերձ Ուորլիքն այն համոզմունքն է արտահայտել, որ միաժամանակ իրենք պետք է հաշվի առնեն ԼՂ բնակչության, փախստականների ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար: Մինսկի խմբի համանախագահն ընդգծել է, որ որ եթե լինի քաղաքական կամք, կլինի նաև խաղաղություն: «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- եզրափակել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: