Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 16-ից 18-ն անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից' մեր հավաքականի առաջին մեդալը վաստակել է 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի:
Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ և ապահովեցին մեր ընտրանու հաջորդ երկու մեդալները. 57 կգ քաշային, սպիտակցի Մխիթար Մխիթարյանը, ցավոք պարտվեց եզրափակիչ գոտեմարտում և բավարարվեց արծաթե մեդալով, փոխարենը' գերազանց հանդես եկավ Տիգրան Կիրակոսյանը և արժանանալով չեմպիոնի կոչման, ի պատիվ Հայաստանի, հնչեցրեց հայոց օրհներգը:
Ի դեպ, Տիգրանի մրցակիցը 52 կգ քաշային կարգի եզրափակչում ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովն էր: Վանաձորցի մարզիկը չեմպիոն էր հռչակվել նաև 2013թ. համաշխարհային ունիվերսիադայում:
Մեր մյուս մարզիկները մրցասպարեզ կմտնեն նաև մայիսի 17-ին ու 18-ին: