Գյումրու պետական եւ մասնավոր բուհերում մեկնարկել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտարարագրման գործընթացը: Մայիսի 5-ից մեկնարկած գործընթացը կշարունակվի միչեւ հունիսի 1-ը' 18:00-ն, իսկ ՀՀ երկքաղաքացիները եւ օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները փաստաթղթերը պետք է ներկայացնեն հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ը' ժամը 18:00:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմումների ընդունող հանձնաժողովի անդամները նշեցին, որ այս պահին դիմորդները «պասիվ» են: Ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, դիմորդների հայտարարագրման ակտիվու թյուն կնկատվի վերջին օրերին:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի փաստաթղթերի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը, մանկավարժական ինստիտուտում մայիսի 16-ի դրությամբ ստացվել է 35 դիմում: «Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, դիմումների ընդունման հիմնական հոսքը սկսվում է դպրոցների «Վերջին զանգ»-ից հետո: Այս պահին դեռ գործընթացը պասիվ է»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Բուհում այս տարի նոր բաժինների ավելացում չի եղել՝ առաջարկվում է 30 մասնագիտություն: Չի եղել նաև վարձավճարի փոփոխություն: Կատարվել է միայն պետական պատվերի տեղերի փոփոխություն՝ եթե որոշ բաժիններում նվազել է, ապա մյուսներում ավելացել, բայց ընդհանուր թիվը մնացել է նույնը:
Արմենուհի Մխոյան