Ստամբուլի հանրապետական դատախազությունը հայց է ներկայացրել դատարան Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքի սեփականատեր Ալփ Գյուրքանի եւ եւս 16 կասկածյալների դեմ: Դատախազությունը մինչեւ 21 տարի ազատազրկման պատիժ է պահանջում այն բանի համար, որ նրանց տնօրինության տակ գտնվող ածխահանքում մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի պատճառով մեծ թվով հանքափորներ են զոհվել: Այս մասին հայտնում է թուրքական «Ենիշաֆագ» թերթը' նշելով, որ այդ անձանց նկատմամբ հետաքննություն էր սկսվել Ֆինանսների նախարարության հարկային աուդիտի խորհրդի դիմումի համաձայն:

 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հիշյալ անձինք կազմակերպություն են ստեղծել հանցանք, կեղծ սնանկացումներ, խաբեություններ եւ խարդախություններ գործելու նպատակով, ինչի արդյունքում գործարար Ջեվհեր Օզդենին հասցրել են ինքնասպանության: Ածխահանքի սեփականատիրոջ գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին:

 

Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում մայիսի 14-ին տեղի ունեցած աղետի հետեւանքով այսօրվա տվյալներով զոհերի թիվն արդեն հասել է 302-ի: Պայթյունի պահին ածխահանքում գտնվել է 787 աշխատակիցներ: