Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի դեմ դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Kanal A Haber-ը, Անկարայից իրավաբան Յունուս Աքյոլը մեղադրանք է ներկայացրել Դեմիրթաշի դեմ «ժողովրդին անկարգություն ների հրահրելու» մեղադրանքով:
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում սկսված անկարգությունների ժամանակ Դեմիրթաշը, ուշադրություն հրավիրելով Քոբանիի իրադրության վրա, կոչ էր արել տեղի բնակիչներին դուրս գալ փողոցներ և իրենց բողոքի ձայնը հայտնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների դեմ:
Հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայում տարածված անկարագությունները տեղի են ունեցել 33 նահանգում: Այդ անկարգությունների ժամանակ զոհվել է 31 ցուցարար և 2 ոստիկան: Իրադարձությունների արդյունքում վիրավորվել է 221 քաղաքացիական անձ և իրավապահ մարմիններ 130 աշխատող: Մի քանի օրերի ընթացքում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 1024 անձի: