Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 17-ին աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպել է այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին:

 

Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և, մասնավորապես, ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ: Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրել է վերջինիս պահման պայմանները: Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի:

 

Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:

 

«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմել է դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:

 

Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:

 

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշել է, որ Վարդանի երկրպագուներից է և վերջինիս է նվիրել էՍերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն: