Վրաստանի տարածքում' Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքի գոտում, ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին մայիսի 19-ին' ժամը 10.30-ին, հայտնել է ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահը: Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները մինչև այժմ ել շարունակվում են:

 

Մայիսի 17-ին ազետի գոտում տարհանել էին ՀՀ 7 քաղաքացիներ: Մայիսի 18-ին' ժամը 11.37-ին, աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ ևս 4 քաղաքացիներ' Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.), Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977թ.), Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985թ.), Հարութ Հարությունյան (ծնվ. 1987թ. ):

 

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր, Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին' Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքի հատվածում տարվող աշխատանքներին: Ալեքսանդր Չիկայիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:

 

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր: