Հայաստանի կառավարությունը կշարունակի նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրերի իրականացումը: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրվա ծ արտահերթ նիստում:

 

Նախորդ կառավարությունն ընթացիկ տարվա ապրիլի 23-ին հաստատել էր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մաս­նա­կից անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը:

 

ՀՀ նոր կառավարությունը կիրականացնի սոցիալապես անա­պա­հով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի հետևողական ձևավորում, կացարանի և այլ սոցիա­լա­կան ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրեր:

 

Կիրականացվեն նաև արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրների վերհանման և լուծման ծրագրեր, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցության նոր ծրագրեր:

 

Կառավարության նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումն ու խորացումը սոցիալապես խոցելի խավերի համար լրացուցիչ սոցիալական ծառայությունների մատուցման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի արմատավորման գործում: