ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքին և քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին' ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի երեք' ՀՀԿ, ՕԵԿ և Ժառանգություն կուսակցությունների անդամակ ցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման, եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

 

Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը և կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

 

ԱԺ նախագահի խոսքով' Եվրոպական Միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: «Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- ասել է ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանը նշել է, որ միջկուսակցական համագործակցության կարևոր օղակ են նաև միջխորհրդարանական վեհաժողովները, և այդ շրջանակներում ԵԺԿ անդամակցող եվրոպական կուսակցությունների միջև համագործակցությունը խթանի միջկուսակցական համագործակցությունը և կստեղծի քաղաքական հարցերի վերաբերյալ ԵԺԿ միասնական դիրքորոշումների ու տեսակետների համաեվրոպական համակարգված ցանց:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Եվրոպական ժողովրդական կուսակցության արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքը կարևորել է համագործակցության հետագա խորացումը' նշելով, որ այն հիմնված է ընդհանուր արժեքների և ընդհանուր քրիստոնեական ժառանգության վրա: Նրա համոզմամբ' Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման հարցում, և փոխգործակցության զարգացումը ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի հետ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը: Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: