Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնելու Սոմայում 301 հանքափորի կյանք խլած աղետի համար պատասխանատվությունը:

 

Թուրքական «Բուգյուն» թերթի հետ զրույցում Յըլդըզը Սոմայի աղետի հետ կապված ասել է. «Չենք կարող թաքցնել, որ թերացումներ հանքում ունեցել ենք: Եթե քաղաքական պատասխանատու է որոնվում, ապա ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը»: Յըլդըզը նշել է, որ Սոմայի հանքում տեղի ունեցածը ոչ թե բնական, այլ մարդկային գործոնով պայմանավորված աղետ է:

 

Ե՛ւ նախարար Յըլդըզը, ե՛ւ Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքը չեն խուսափել պատասխանատվությունից: Թերթի հետ զրույցում Չելիքն ասել է, որ թեեւ ինքն անձամբ պատասխանատու չէ հանքում տեղի ունեցած աղետի համար, սակայն, պատասխանատվությունն ընկնում է ամբողջ կառավարության վրա: Նրա խոսքով, դեռեւս հայտնի չէ հանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած աղետի իրական պատճառը: