Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացն ավելի մեծ փակուղի է մտել, քան Կազանի հանդիպումից և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո: «Հակամարտության բանակցային գործընթացի զարգացման հնարավորություններն այս փուլում ավելի դժվարացել են, ավելի մեծ փակուղու առջև ենք կանգնած, քան Կազանյան հանդիպումից և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ երկու պարագայում էլ իրավիճակ էր փոխվել»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Վերլուծելով Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը դեպի տարածաշրջան' քաղաքագետը նշեց, որ այն ընթացավ այն ֆոնի ներքո, որ մինչ այդ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ձևավորել էր իր ներկայացրած խաղաղության վեց կետերով: Բացի դրանից, քաղաքագետը նկատում է Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշման փոփոխություն, որն արտահայտվում է նաև ֆրանսիացի համանախագահի փոփոխությամբ:

 

Այդ տեսանկյունից Հրանտ Մելիք-Շահնազարյանն առանձնացրեց համանախագահների այն հայտարարությունը, որ կատարել էին տարածաշրջանային այցից հետո: «Լեռնային Ղարաբաղը ոչ թե մեկ միավոր են դիտում, այլ բաժանել են երեքի, տարածաշրջան այցի վերջում արված հայտարարության մեջ ասում են' այցելեցինք Արցախ, Լաչին (Բերդձոր), Քելբաջար (Քարվաճառ) և բոլոր տեղերում հանդիպեցինք տեղական իշխանությունների հետ: Այս ձևակերպումը բավական տարօրինակ է, արհեստականորեն փորձում են տարածքները բաժանելու, իրենց տրամաբանությամբ, հիմքեր նախապատրաստել հետագայում տարածքային առևտրի համար»,- փաստեց բանախոսը:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով' այդ համատեքստում բավականին հաճելի էր տեսնել Արցախի պաշտոնական տեսակետն ու նախագահ Բակո Սահակյանի խոսքը, որ նախկին կարգավիճակին վերադարձ լինել չի կարող:

 

Քաղաքագետի համոզմամբ' Մինսկի խմբի համանախագահների միասնականության քայքայումը պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք նորից սկիզբ առած աշխարհաքաղաքական մրցակցությամբ: «Այդ մրցակցությունն ավելի վատ էր երևում, երբ հակամարտության գոտի էր Սիրիան և ավելի լավ ընդգծվեց, երբ հակամարտության գոտի դարձավ Ուկրաինան: Ռուսաստանը, ուժեղացնելով իր դիրքերը Սև ծովում, Արևմուտքի համար անհրաժեշտություն է առաջացրել հակակշռել այդ ակտիվությունը»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Մինսի խմբի համանախագահները մայիսի 16-ին տարածաշրջան այցի սկիզբը դրեցին Հայաստանում, եղան Արցախում' հանդիպելով տեղի հայ երիտասարդների բողոքի ակցիային, այնուհետև մեկնեցին Ադրբեջան, որի բարձրագույն իշխանությունն այդ օրերին երկրում չէր: