Ռուսաստանը վետո կդնի Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու նախագծին: Այս մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ նախագիծը կվնասի սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու միասնական ջանքերը:
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ կքվեարկի Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու ցանկացած նախագծի:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն այսօր՝ մայիսի 22-ին, կքվեարկեն Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Ակնկալվում է, որ Ռուսաստանի նման նախագծին վետո կդնի նաև Չինաստանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ջերարդ Արոն հաստատել է, որ արևմտյան պետությունները որոշել են Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հանել նոր բանաձևի նախագծից:
ՄԱԿ-ի բանաձևը կընդունվի այն դեպքում, եթե ՄԱԿ-ի 15 անդամներից 9-ը քվեարկի կողմ: Ընդ որում, 5 մշտական անդամից՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չպետք է վետո դնեն: