Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիայի կաթոլիկ հայերի համայնքի եպիսկոպոս է նշանակել Ստամբուլում ծնված գիտնական, քահանա Լևոն Պողոս Զեքիյանին: Այս մասին հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ նշանակված Զեքիյանը հիշեցրել է, որ դեռևս 1829-1830 թթ. օսմանյան հասարակության ներսում կաթոլիկ հայերը ճանաչվել են որպես առանձին համայնք, և թեպետ համայնքը սակավաթիվ հետևորդներ ունի, սակայն գլխավորապես արվեստի ու թատրոնի բնագավարում ինչպես հայկական համայնքի, այնպես էլ օսմանյան ու թուրքական համայնքի ներսում այն մեծ ներդրումներ է ունեցել:

 

Թուրքիայի ներկայիս հայ կաթոլիկ համայնքն ունի շուրջ 3650 անդամ, որոնք հիմնականում բնակվում են Ստամբուլ և Անկարա քաղաքներում՝ ենթարկվելով Ստամբուլի արքեպիսկոպոսությանը։ Ի տարբերություն Ստամբուլի' Անկարայի հայ կաթոլիկ համայնքը կազմակերպված չէ: Փաստորեն, այսօր Անկարայի հայ կաթոլիկները սեփական եկեղեցի չունեն, իսկ դա նպաստավոր կլիներ համախմբման համար: Անկարայի հայ կաթոլիկներն ստիպված են հավաքվել ֆրանսիական եկեղեցում, որտեղ քարոզները կատարվում են միայն թուրքերեն, քանի որ համայնքն ամբողջապես թրքախոս է։

 

Այլ է իրավիճակը Ստամբուլում, որտեղ գտնվում է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոսությունը՝ Կ. Պոլսի թեմը։ Նշենք, որ այստեղ բնակվում են համայնքի 2000 անդամ, որոնք բավական կազմակերպված են և ունեն ոչ միայն համայնքապատկան եկեղեցիներ, այլև բարեգործական կառույցներ, ինչը որոշակիորեն թեթևացնում է համայնքի առջև ծառացած խնդիրները: Ստամբուլում գործում է 12 հայկական կաթոլիկ եկեղեցի, ընդամենը մեկ եկեղեցի է գործում Մարդին քաղաքում, որից օգտվում են մեկուսի պայմաններում ապրող մի քանի ընտանիքից բաղկացած հայ կաթոլիկները։ Այստեղ ստամբուլցի քահանաներն այցելում են ամսական մեկ անգամ' հիմնականում պատարագների մասնակցելու համար։