ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի նահանգապետ Բիլ Հեսլեմն ստորագրել է տեղացի օրենսդիրների կողմից մշակված օրինագիծը, որը թույլ է տալիս մահապատժի համար էլեկտրական աթոռ օգտագործել, եթե իշխանությունները չկարողանան ստանալ մահացու ներարկման համար անհրաժեշտ պատրաստուկներ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Թենեսիի նահանգում մահապատիժը, հիմնականում, իրականացվում է պենտոբարբիտալ պատրաստուկի մահացու ներարկման միջոցով, որը չի մատակարարվում սովորական դեղարտադրողների կողմից: Վերջին մի քանի տարում ԱՄՆ-ի առջև ծառացել է մահապատժի համար օգտագործվող դեղերի աճող պակասության խնդիրն այն պատճառով, որ դրանց արտադրողները դադարեցրել են մատակարարումները, ուստի ԱՄՆ-ը հարկադրված է փնտրել դեղային պատրաստուկների և դրանց դոզավորման նոր համակցություններ:
Ապրիլի վերջին միջազգային լայն արձագանք ստացավ Օկլահոմայում դատապարտյալին մահապատժի ենթարկելու իշխանությունների անհաջող փորձը. հանցագործը մահացու ներարկման հետ կապված խնդիրների պատճառով ի վերջո մահացել է սրտի նոպայից:
Միացյալ Նահանգների «Մահապատժի հարցերի տեղեկատվական կենտրոն» (DPIC) ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ռիչարդ Դիտերը գործակալությանը հայտարարել է, որ Թենեսին կդառնա առաջին նահանգը, որը պատիժների կատարման պրակտիկա կվերադարձնի էլեկտրական աթոռը՝ ըստ որում դապարատյալին չտալով ընտրության հնարավորություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: