«Ես ուզում եմ դիմել ցանկացած հայ տղամարդու' եթե քեզ ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ վախից նույնիսկ չկարողանա խոսել, հարգելի′ հայ մարդ, դու ո՞նց կվարվեիր, ինչո՞վ ես վստահ, որ կիջնեիր ու ձեռնակռվով կավարտեիր: Կարող է մարդը ֆիզիկապես թույլ է, չի կարող մկանները լցրած մարդու հետ կռվել, ես հեռու եմ այդ մտքից»: Նման կարծիք այսօր' ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Վերնիսաժում հնչած կրակոցներին:

 

Լրագրողների դիտարկմանը, թե նախկին ոստիկանապետը որտեղի՞ց է այդքան ինֆորմացիայի տիրապետում դեպքի մանրամասների մասին, Սարգսյանը պատմեց, որ ականատեսներից է իմացել.

 

«Ես հետաքրքրվել եմ, տեղում մարդիկ են եղել, ինքս հարցրել եմ. դա լի է եղել ընդգծված ցինիզմով, որը ստորացրել է մարդուն իր կնոջ ու երեխայի մոտ: Հայ մարդուն նման վիճակի հասցնելը լի է կենտրոնախույզ, էքսցենտրիկ արարքներով, որն այդ տղայի մոտ դրսևորվել է կրակոցներով: Ես իրեն մեղադրում եմ, օրենքն էլ կպատժի. շատ վատ բան է տեղի ունեցել, անմեղ մարդիկ են տուժել»,- ասաց նա՝ հորդորելով դեպքի մասին մեկնաբանություն տվողներին մի պահ իրենց պատկերացնել նման իրավիճակում:

 

Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ իրավապահ մարմինները ճիշտ ուղու վրա են, և այն երկու երիտասարդները, որոնք այս պահին հիվանդանոցում են, նրանք ևս պատասխանատվության պետք է ենթարկվեն.

 

«Ով շատ կմեղադրի այդ տղային, ես ուղղակի կցանկանամ, որ մի անգամ հայտնվի նման վիճակում, սա անեծք չէ, ցանկացած ցինիզմ դատապարտելի է, եթե ոստիկանությունն այդ պահին ներկա լիներ, բնականաբար, տղան չէր հասնի այդ վիճակին, բայց չի ստացվել և տղան զենքն է գործի դրել»,- եզրափակեց նա: