Պատճառները տարբեր կարող են լինել, իսկ ընդհանրապես, մարդկային անդաստիարակության արդյունք է, երբ մարդիկ օրը ցերեկով կրակում են: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն' անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի կողմից ապրիլի 17-ին «Վերնիսաժի» մոտ հնչեցրած կրակոցներին:

 

Մանվել Բադեյանի համոզմամբ' նման պահվածքը պակաս դաստիարակության արդյունք է. «Դա նշանակում է, որ պակաս դաստիարակությւոն է ստացել»,- ասաց Բադեյանը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը մայիսի 17-ին' ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը' 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեթևն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

 

Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է:

 

Նշենք, որ հնչած կրակոցների հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: