ՀՀ ոստիկանությունը մայրաքաղաքի մի շարք վայրերում հայտնաբերել է զենք-զինամթերք' հիմնվելով կառույց զանգահարած քաղաքացիների տեղեկությունների վրա: Մայիսի 22-ին' ժամը 14.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց, աղբամանի տակ, զենք է դնում:
Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի դիմացի մայթին գտնվող աղբամանի հետնամասում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Հետաքննությունը վարում է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:
Բացի այդ, մայիսի 23-ին' ժամը 11.42-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի հարևանությամբ գտնվող նախկին անձնագրային և վիզաների վարչության շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 620, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 13, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 123 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 պահունակ' լիցքավորված 12 փամփուշտով, «ՏՏ» ատրճանակի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, «ՌԳԴ» 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ' առանց պայթուցիչների, և թմբուկավոր ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հետաքննությունը կրկին վարում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:
Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր փամփշտաժապավենի լիցքավորման սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի 548 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: