«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով նախնական տվյալներով հաղթում է Կիևի քաղաքապետի ընտրություններում, հայտարարել է, որ շնորհակալություն կհայտնի Անկախության հրապարակում հավաքվածներին և նրանց կխնդրի քանդել բարիկադները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ոչ մի դեպքում մենք («Մայդանը») չենք ցրի: «Մայդանը» կատարել է իր առաքելությունը: Մենք կդիմենք այնտեղ գտնվող մարդկանց՝ բարիկադները քանդելու հարցում մեզ օգնելու խնդրանքով»,- ասել է նա քվեարկության արդյունքներին նվիրված ճեպազրույցում:

 

Տեղական հեռուստաեթերում հրապարակված ելքահարցման արդյունքները վկայում են, որ Կիևի քաղաքագլխի ընտրություններում Կլիչկոն ստացել է ընտրողների 57 տոկոսի պաշտպանությունը:

 

Կլիչկոն նաև հայտարարել է, որ պատրաստվում է երկխոսություն կազմակերպել աշխարհի բոլոր մայրաքաղաքների վարչակազմերի, այդ թվում' Մոսկվայի հետ: «Մենք կաշխատենք բոլոր քաղաքագլուխների հետ»,- հայտարարել է Կլիչկոն: