Այսօր վաղ առավոտյան թուրքական անվտանգության մարմինները հատուկ գործողություններ են սկսել նախօրեին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնաբերելու եւ պատժելու համար, որի ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էին երկու քաղաքացի եւ վիրավորվել բազմաթիվ քաղաքացիներ եւ ոստիկանության աշխատակիցներ: Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանությունն արդեն 15 կասկածյալ է ձերբակալել, որոնք մեղադրվում են կառավարության դեմ ցույցեր եւ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական DHA լրատվական գործակալությունը, գործողությունները միաժամանակ անցկացվում են Ստամբուլի Օքմեյդանը թաղամասի Սանջաքթեփե եւ Գազի հատվածներում: Գործողություններին, որոնք անցկացնում են Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, օդից ոստիկանական ուղղաթիռներ են հետեւում:

 

Մայիսի 24-ին Ստամբուլի Օքմեյդանի հրապարակում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները սկսվել էին մայիսի 22-ին ոստիկանի կողմից գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած ցուցարար Ուղուր Քուրթի մահվան կապակցությամբ: Նշվել էր, որ ամենայն հավանականությամբ, քաղաքացին զոհվել էր ոստիկանի գործադրած հրազենից: Իրավապահները փորձել են բիրտ ուժի գործադրմամբ ցրել ցույցը: Բախումները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:

 

Ստամբուլում եւ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո, որի արդյունքում 301 մարդ զոհվել, 487 մարդ վնասվածքներ են ստացել: Ցուցարարներն աղետի համար պատասխանատու են համարել թուրքական կառավարությանը' մեղադրելով նրան հանքում անվտանգության կանոնները պատշաճ մակարդակի վրա չպահելու եւ անտարբերություն ցուցաբերելու մեջ: