Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա Եվրոպայի բռնցքամարտի կանանց առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 2 մարզուհի: 49 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Քրիստինե Սարգսյանը, իսկ 60 կգ քաշային կարգում հանդես կգա Աշխեն Հովհաննիսյանը:
Հունիսը հագեցած կլինի նաև տղամարդկանց հավաքականի համար: Հունիսի 2-8-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ Հայաստանը կներկայացնեն 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ավելի ուշ' հունիսի 8-14-ը, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Մինսկում մենք բռնցքամարտիկ կունենանք նաև 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կներկայացնի Հայաստանը, առայժմ հայտնի չէ: