Սիրիայում 11 անձինք են առևանգվել, որոնցից 5-ը սիրիացիներ են, մյուս 6-ը՝ քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն: Նախարարության տեղեկացմամբ, մայիսի 27-ին Համայի հյուսիսում գտնվող Քաֆր Զիթա շրջանում համաձայնություն է եղել զինյալների հետ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 6-ը կրակը դադարեցնելու վերաբերյալ, որպեսզի հեշտանա փորձագետների աշխատանքը: Տայիբա ալ Իմամ գյուղից 2 կմ հեռավորության վրա զինյալները պայթեցրել են ՄԱԿ-ին պատկանող 4 մեքենայից մեկը, որից հետո փորձագետները փորձել են վերադառնալ դեպի Տայիբա ալ Իմամ գյուղ, սակայն նրանց մեքենաներից միայն մեկին է հաջողվել հասնել գյուղ, մյուս երկու մեքենան զինյալներն առևանգել են:

 

Նախարարությունը նաև նշել է, որ այս ամենն ապացույց է այն բանի, որ ահաբեկչական խմբավորումները փորձում են խանգարել քիմիական զենքերի ոչնչացման աշխատանքներին: Նույն կերպ ահաբեկչական խմբավորումները վարվում են մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների հետ, որոնք ուղարկել էր ՄԱԿ-ը: