ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար Պյոտր Պորոշենկոյի հետ՝ նրան շնորհավորելով հաղթանակի առթիվ: Այդ մասին ասված է նրա ներկայացուցչի՝ Շտեֆան Զայբերտի հայտարարության մեջ:

 

Մերկելի խոսքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը և դրանց արդյունքները ցույց տվեցին, որ ուկրաինական ժողովուրդը պարզորոշ հանդես է գալիս «միասնության, ժողովրդավարության և շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ջանքերի» օգտին:

 

Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում ԳՖՀ-ի կանցլերը հատկապես ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի արևելքի ընտրողների վրա, որոնք, «չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին, օգտվեցին ձայնի իրենց ժողովրդավարական իրավունքից»:

 

Մերկելը և Պորոշենկոն կարևորել են Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու համար ազգային երկխոսություն վարելը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ասված է հաղորդագրության մեջ: ԳՖՀ-ի կանցլերը Պորոշենկոյին հաջողություններ է մաղթել առաջադրված խնդիրները լուծելու գործում:

 

Նախօրյակին Մերկելը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը «լավ նորություն» կդառնա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: