Ըստ Exit poll-ի նախնական տվյալների՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում ժամը 18.00-ի դրությամբ միլիարդատեր և գործարար Պորոշենկոն հաղթանակ է տանում հենց առաջին փուլով՝ ստանալով ձայների 55.9%-ը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Քվեարկության արդյունքում ըստ ձայների՝ երկրորդ տեղում է նախկին վարչապետ Տիմոշենկոն՝ 12.9%-ով։ Տիմոշենկոն երկու անգամ վարել է վարչապետի պաշտոնը և 2010 թվականին ևս իր թեկնածությունն էր ներկայացրել նախագահական ընտրություններում, սակայն ընտրությունների երկրորդ փուլում քվեների սակավ տարբերությամբ պարտվել էր իր մրցակից և ներկայումս նախագահական պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչից։

 

Երրորդ տեղում Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն է՝ ստանալով ձայների 8%-ը, նրան հաջորդում է նախկին պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն՝ ստանալով ձայների 6.3%-ը։