«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հավաստել է Ուկրաինայի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը:

 

«Ես կառաջադրվեմ Ուկրաինայի նախագահի պաշտոնում, որովհետև հաստատ համոզված եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամբողջովին փոխել խաղի կանոնները: Պետք է արդարություն լինի: Ես ստույգ գիտեմ, որ դա հնարավոր է անել»,-փետրվարի 25-ին Կիևում լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:

 

Կլիչկոն նաև հայտարարել է, որ կառավարությունը կկազմվի թեկնածուների պրոֆեսիոնալիզմի և բարոյական հատկանիշների հիման վրա: «Ներկայումս տնտեսական իրադրությունը ճգնաժամային է, և մենք շատ սահմանափակ ժամանակ ունենք այդ իրադրությունից դուրս գալու համար»,-ասել նա:

 

Կլիչկոն հավելել է, որ ինքն իրեն չի տեսնում կառավարությունում և հայտնել է, որ խորհրդարանական խմբակցությունները ոչ մի բաժնեմաս չունեն կառավարության կազմը ձևավորելիս:

 

«Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին, փետրվարի 25-ից մեկնարկել է նախընտրական արշավը: