Անցյալ տարի մայիսի վերջին Ստամբուլի Գեզի այգու բնապահպանական պահանջներով սկսված բողոքի ակցիաների կազմակերպիչները, որոնք հետագայում երկրով մեկ վերածվել էին հակակառավարական ցույցերի, կոչ են արել ցույցերի նոր ալիք սկսել Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, ակտիվիստները հայտարարել են, որ Գեզիի պաշտպանության ակցիաների տարելիցի կապակցությամբ կրկին ցուցեր են կազմակերպելու Ստամբուլում եւ Թուրքիայի տարբեր քաղաքներում: Գեզիի ակտվիստների կողմից համացանցում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Այդ օրը միլիոնավոր մարդկանց հետ լինելու ենք փողոցներում»: Ենթադրվում է, որ ցույցերը Թուրքիայում կուղեկցվեն իրավապահների հետ նոր բախումներով:
Թուրքիայի առոջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն հրապարակել է տվյալներ' նախորդ տարվա մայիսի վերջին Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորվածների եւ մահացածների թվի վերաբերյալ: Թուրք նախարարն ասել է, որ 2013 թ. մայիսի 28-ից մինչեւ օրս Գեզիի ցույցերի մասնակիցներից բժշկի է դիմել 4 հազար 329 մարդ, որոնցից 1 269-ը հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության մեքենաներով: Պաշտոնական տվյալներով' Գեզիի դեպքերի ժամանակ մահացել է 4 մարդ, որոնցից մեկը' իրավապահ:
2013 թ. ամռան սկզբին Ստամբուլի Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից հակակառավարական հզոր ցույցերի վերածված հանրային բողոքը սաստելու համար թուրքական ոստիկանությունն անհամաչափ ուժային գործողություններ է իրականացրել, ինչը դատապարտել են աշխարհի առաջատար երկրները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: