Եգիպտոսի նախագահի թեկնածու Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի կողմնակիցները հայտարարել են, որ իրենց թեկնածուն հավաքել է ձայների 92 տոկոսը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նրանց խոսքով, նման հայտարարություն արվել է ավելի քան 3 հազար ընտրական հանձնաժողովներում ձայների հաշվարկից հետո:
Եգիպտոսում մայիսի 28-ի երեկոյան փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և այդպիսով ավարտվել են նախագահական ընտրությունները: Ավելի վաղ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել ևս մեկ օրով երկարաձգել ընտրությունները սաստիկ շոգի պատճառով, քանի որ մայիսի 27-ին ընտրություններին մասնակցել էր քաղաքացիների 37 տոկոսը:
Եգիպտոսում մայիսի 26-28-ը տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Մրցակցությունն ընթացել է Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և սոցիալիստ Համդին Սաբահիի միջև:
Արտասահմանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93 տոկոսը: