Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչի օգտին՝ ընտրողների 1,67 տոկոսը: Բոլորին դեմ է քվեարկել բելառուս ընտրողների 6,40 տոկոսը: Ընդ որում Մինսկում բոլորին դեմ է քվեարկել 20,6 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 87,2 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Այդպիսով, ընտրությունների արդյունքում 61-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ կզբաղեցնի Բելառուսի նախագահի պաշտոնը:

 

Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել «քվեարկության ավարտից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում»: Բելառուսի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 11-ից ոչ ուշ: