Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` օրեր առաջ Գերմանիայի Քյոլն քաղաքում ունեցած ելույթը լրջորեն զայրացրել է գերմանական իշխանություններին: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, վարչապետի հայտարարությունների վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելու նպատակով Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն կանչվել է Գերմանիայի ԱԳՆ:

 

Արտգործնախարարությունում թուրք դեսպանին ներկայացվել են դժգոհություններ' կապված Էրդողանի այն հայտարարության հետ, որում վերջինս թիրախավորել էր Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրին:

 

«Թուրք-գերմանական հարաբերությունների զարգացման համար վարչապետ Թայիփ Էրդողանի' Քյոլն կատարելիք այցելությունից առաջ անգամ կարևոր ջանքեր գործադրած գերմանացի քաղաքական գործչի վերաբերյալ հասարակության առջև նման հայտարարություններ անելը խրախուսելի չեն թուրք-գերմանական հարաբերությունների համար»,- ԱԳՆ-ում ասվել է թուրք դեսպանին: Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն կանչված Քարսլըօղլուին զգուշացում է արվել նաև կապված Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հասցեին Էրդողանի արած հայտարարություն վերաբերյալ, որտեղ վերջինս Գաուկին անվանել էր «քահանա»: