Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը լրջորեն անհանգստացել է գերմանական պարբերականներում տարածված այն տեղեկությունից, թե Գերմանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսում են Անկարային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Արտաքին գործերի նախարարությունում քննարկումը դեռ ընթացքի մեջ է:

 

Ֆրանկֆուրտի կիրակնօրյա պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիան ներառվել է գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից հետևվող «գլխավոր երկրների» շրջանակի մեջ, իսկ այդ երկրների նկատմամբ կիրառվող հետախուզական միջոցների թվում են նաև գաղտնալսումները: Այս տեղեկությունը պարբերականին հաստատած' կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտվել, հայտնել է, որ Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները ներքին անվտանգության տեսանկյունից հետաքրքրում են Գերմանիային: Նա հիշեցրել է, որ Թուրքիայից եկող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները, ծայրահեղ ձախակողմյան և աջակողմյան կազմակերպությունները Գերմանիայում զբաղվում են թմրամոլությամբ և մարդկանց առևանգելով: Պաշտոնյան ընդգծել է նաև, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունների միջոցով աշխատում է տարբեր քաղաքական նպատակներ կյանքի կոչել այդ երկրում: