ՀՀ սահմանադրական դատարանի նախագահն ու գլխավոր դատախազը վաղ են համարում ՀՀ դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը: Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մասնագիտական քննարկումների ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայ հասարակությունը դեռ պատրատ չէ այդ ինստիտուտի գործունեությանը: «Սա շատ կարևոր հարց է, և եթե այսօր քննարկենք այն ցանկացած հանցատեսակի մասով իրավակիրառ պրակտիկայի համատեքստում, խնդիրներ կտեսնենք: Մեր հասարակության մեջ, հատկապես փոքր համայնքում, օրինակ, ցանկացած խուլիգանության գործի մասով եթե երեք օրվա ընթացքում անհրաժեշտ քննչական, դատավաական գործողությունները չկատարվեն, վերջ, այլևս գործ չի լինի: Մեր հասարակության մեջ, իրար հետ փոխկապակցվածությունից բացի, չափազանց լայն նշանակություն է ստանում պարտավորվածության ինստիտուտը»,- նշեց գլխավոր դատախազը:

 

Ընդունելով այն փաստարկը, որ դատավորը միայնակ էլ կարող նույն կերպ առաջնորդվել և ունենալ որոշակի պարտավորություններ' Գևորգ Կոստանյանը, սակայն, նշեց' յուրաքանչյուր դատավոր չէ, որ նման բարոյական պարտավորություններ կունենա հասարակության բոլոր անդամների նկատմամբ: «Բացի դրանից, դատավորի (դատախազ, քննիչ), պետական ծառայողի բարոյական կանոնները կաշկանդվում են օրենքով իրենց վրա դրված պարտավորություններից ելնելով, իսկ երդվյալ ատենակալների իստիտուտը կոնկրետ սահմանված կանոններով չի գործում, իրենք կարող են գործունեության սկզբունք ունենալ»,- ընդգծեց գլխավոր դատախազը' հավելելով, որ դեռ երկար ժամանակ պետք է անցնի, որպեսզի հայ հասարակության իրավագիտակցության մակարդակն այնքան բարձրանա, որ բարոյական կանոնները, սուբյեկտիվ պարտավորվածությունը կարողանան ստորադասվել հասարակական շահին:

 

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ նշեց, որ ներկա իրավիճակում դատավորն է հայտնվում բազմաշերտ հարաբերությունների կիզակետում, այնուամենայնիվ, դեմ է ժյուրիի կամ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը: «Մենք դա ոչ կարող ենք անել ֆինանսական ծանրաբեռնվածության առումով, ոչ էլ որևէ արդյունքի կհասնենք: Բայց կա այլ երկրների փորձը, որը կարող ենք հաշվի առնել: Ամենավերջին փորձերից մեկը, որն ուշադրության է արժանի, Վրաստանի փորձն է, երբ ներդրեցին ժյուրիի ինստիտուտը' առանձնապես ծանր հանցագործություններով գործերի քննության շրջանակում»,- ասաց նա:

 

Գագիկ Հարությունյանի խոսքով' Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման այսօրվա միտումները իմպուլս են տալիս, որ մենք էլ կարող ենք ոչ թե կատեգորիկ հրաժարվել, այլ փորձել օգտագործել այդ ինտիտուտի հնարավորությունները: «Բացառապես ծանր հանցագործությունների համար կարելի է մտցնել ու տեսնել, թե ինչպես է աշխատում»,- նշեց ՍԴ նախագահը' հույս հայտնելով, որ հաշվետվողականության սկզբունքի պարագայում կարելի է ունենալ օբյեկտիվ ատենակալներ: «Եթե հանրությունը օտարված չէ պետական գործերից ու իր մասնակցությունն ունի դրանում, ժյուրիի ա նդամը միայն իր սուբյեկտիվ ընկալումների տեսանկյունից չի հանդես գալու և ինքը, հաշվետվողականության պարտավորություն ունենալով, օբյեկտիվ է լինելու»,- փաստեց Գագիկ Հարությունյանը' ավելացնելով, որ նշյալ հարցով քննարկումների, այլընտրանքային լուծումներ փնտրելու խնդիր կա: