Հանրապետության շուրջ 1800 դիմորդներ հունիսի 3-ին միասնական քննություն են հանձնել կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաներից: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, քննություններից բացակայած ուսանողների թվի վերաբերյալ տեղեկատվություն ԳԹԿ-ն կունենա վաղը:

 

«Մոտ 1370 աշակերտ քննություն է հանձնել կենսաբանություն առարկայից, ընդհանուր պատմությունից' 171, իսկ աշխարհագրությունից'230 դիմորդ: Երևանում միասնական քննություններն անցկացվել են երկու քննական կենտրոններում: Երևանի պետական համալսարանում անցկացվել է կենսաբանության քննությունը, որին մասնակցել է շուրջ 240 դիմորդ: Մյուս քննական կենտրոնում' Նոր Նորքի թիվ 62 դպրոցում անցկացվել է քննություն երեք առարկաներից, մասնակցել է 181 դիմորդ»,- նշեց Իսպիրյանը:

 

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետն ընդծեց, որ հաջորդ միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 6-ին: «Հաջորդը հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունն է: Հայաստանում այն կանցկացվի 34 քննական կենտրոններում: Երևանում կգործի 10 կենտրոն»,- եզրափակեց Արա Իսպիրյանը:

 

Ֆիզիկա առարկայից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 10-ին: Օտար լեզուների քննությունը կանցկացվի հունիսի 13-ին, իսկ մաթեմատիկայինը'17-ին: Այնուհետև, հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և քիմիայից: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին. վերջին քննությունը ռուսաց լեզվից է: