Այս տարվա հունվար-ապրիլին օդային տրանսպորտով ՀՀ ժամանումների ցուցանիշը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.5 տոկոսով և կազմել 229 հազար 665 մարդ, իսկ մեկնողների թվաքանակն ավելացել է 11.9 տոկոսով և կազմել 270 հազար 774 մարդ։

 

«Արմենպրես»-ը տվյալները հաշվարկել է ըստ «Զվարթնոց » և «Շիրակ» օդանավակայանների ուղևորաշրջանառության ցուցանիշների, որոնք հրապարակվել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքում։

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին չորս ամիսներին օդային տրանսպորտով Հայաստանի ուղևորափոխադրման ցուցանիշը կազմել է 499.7 հազար մարդ, կամ 12.9 տոկոսով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ այն դեպքում, երբ երկրի ընդհանուր ուղևորաշրջանառությունը նվազել է 9.3 տոկոսով և կազմել 73 մլն 73.3 հազար մարդ։ Ընդ որում, երկաթուղային տրանսպորտով փոխադրվել է 111.2 հազար մարդ (նվազումը՝ 9.7 տոկոս), ավտոմոբիլային տրանսպորտով՝ 65 մլն 852.1 հազար մարդ (նվազումը՝ 10.3 տոկոս), որից տաքսիներով՝ 4 մլն 214 հազար մարդ (նվազումը՝ 27.4 տոկոս), իսկ էլեկտրատրանսպորտով փոխադրումների ցուցանիշն աճել է 1.2 տոկոսով և կազմել 6 մլն 610.3 հազար մարդ։